Կրթությունը Հայաստանում


Պատմական ակնարկ

 Կրթությունը միշտ էլ կարևոր է եղել Հայաստանում՝ մի երկրում, որն ունի 1600 տարվա գրի պատմություն: Կրթությանը սկիզբ դրվեց գրերի գյուտով` այն բանից հետո, երբ Մեսրոպ Մաշտոցը  405թ․-ին ստեղծեց հայկական այբուբենը: Գրերի գյուտը մեծապես նպաստեց հայոց ազգային ինքնության ամրապնդմանը և մատենագրության զարգացմանը․ դա հայ մշակույթի Ոսկեդարն էր: Այդ շրջանի շատ հայ մատենագիրներ, աստվածաբաններ, փիլիսոփաներ, գիտնականներ իրենց երկերով մեծ ազդեցություն են թողել հայ համաշխարհային գիտության և մշակույթի վրա: Նշանավոր հայ պատմիչ, պատմահայր Մովսես Խորենացու գործերը ամփոփում են հայոց պատմությունը՝ վաղագույն շրջանից մինչև Արշակունիների թագավորության անկումը: Առ այսօր նրա պատմությունը ծառայում է որպես հիմնական սկզբնաղբյուր հայոց պատմության ուսումնասիրման համար: Հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացին հիմնադրել է բնական գիտությունները Հայաստանում և գրել իր հռչակավոր «Աշխարհացույցը», որպես աստղագետ նա հրատարակել է տիեզերագիտությանը վերաբերող գործեր: Մխիթար Գոշի նշանավոր երկը Դատաստանագիրքն է, որը ներառում է քաղաքացիական և եկեղեցական օրենքներ, հետագայում նրա գործերը կիրառվեցին որպես օրենսգիրք: Ֆրիկը հայտնի է որպես նշանավոր բանաստեղծ, տաղերգու։ Նրա երկերում գերիշխում է աշխարհիկ ոգին, իսկ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը հայկական վերածննդի ժամանակաշրջանում նկարազարդել է բազմաթիվ ձեռագրեր: Մյուս նշանավոր գիտնականը փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացին էր։ Նա հեղինակել է բազմաթիվ կրոնափիլիսոփայական երկեր, որոնք խոր ազդեցություն են ունեցել հայ գիտական մտքի զարգացման ընթացքի վրա: Վերջիններս իրենց անջնջելի հետքն են թողել  հայ գիտակրթական կյանքի ձևավորման ու զարգացման վրա: Կրթությունը Հայաստանում դարեր ի վեր եղել է ազգային հպարտություն և հայ մարդու կյանքում իր անփոխարրինելի դերն է ունեցել:

ՀՀ Կրթական համակարգի ընդհանուր նկարագիրը

Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է: Ի սկզբանե դպրոցը հիմք է եղել քաղաքական, մշակութային, ազգային առաջընթացի ապահովման համար:

Կրթական համակարգը Հայաստանում ներկայացնում է կրթական հաստատությունների կանոնավոր ամբողջություն, որի հիմնական բաղադրիչներն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ):

Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը:

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա):

Կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով: Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով:

Նախադպրոցական կրթության հիմնական նպատակներն են ստեղծել հիմք երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման համար, զարգացնել նրանց՝ մայրենի լեզվով հաղորդակցման հմտությունները և ապահովել օտար լեզուներ ուսումնասիրելու ունակությունը` մայր լեզվի իմացության հիման վրա, զարգացնել երեխայի մաթեմատիկական տարրական գիտելիքները, ձևավորել երեխայի վարքագիծը շրջակա միջավայրի հետ շփման գործընթացում և երեխաներին հայրենասիրություն սերմանել: Նախադպրոցական կրթության համակարգը բաղկացած է 663 համայնքային մանկապարտեզներից, որոնցից 18-ը գտնվում են նախարարության հովանու ներքո, ինչպես նաև կան 15 մասնավոր մանկապարտեզներ: Մանկապարտեզ է այցելում 44․849 հայ երեխան:

Միջնակարգ կրթության հիմնական գործառույթներն են աշակերտներին հնարավորություն տալ ստանալու հիմնական գիտելիքներ բնության, հասարակության, շրջակա միջավայրի, տեխնոլոգիայի, արդյունաբերության, մշակույթի և այլնի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխային մղելու ինքնակրթության և ինքնազարգացման, սովորեցնել գնահատել ազգային և միջազգային արժեքները, բարոյահոգեբանական և մշակութային տարբերությունները: Միջնակարգ կրթությունը իրականացվում է տասներկու տարվա ընթացքում հետևյալ փուլերով. տարրական դպրոց, հիմնական դպրոց, ավագ դպրոց: Հայաստանում կան 1․392 պետական հանրակրթական դպրոցներ, որոնցից 17-ը տարրական են,  146-ում (8 տարի) տարրական և հիմնական դպրոցները միասին են գործում, 1․171-ը՝ հիմնական, 58 ավագ դպրոցներ ունեն քոլեջի կարգավիճակ: Դպրոցներում կա 54․276 հոգանոց ուսուցչական անձնակազմ, որից  83%-ը  կանայք են կազմում: Հատուկ միջնակարգ դպրոցներ են մանկատները և գիշերօթիկ հաստատությունները, որոնք իրականացնում են կրթության ընդհանուր և հատուկ ծրագրեր, որոնք ստեղծված են ապահովելու կրթություն ընտանեկան խնամքից զրկված երենխաների և հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար: Ներկայումս գործում են  54 պետական գիշերօթիկ հաստատություններ, դրանցից 41-ը հատուկ կրթական կարիքներով երեխաների համար են, իսկ 5-ը՝ ընանիքից զրկված կամ այն երեխաների համար, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքիներից են, ինչպես նաև  կան 8 դպրոցներ, որոնք աջակցում են շնորհալի երեխաներին:

Բարձրագույն և հետբուհական կրթությունն իրականացվում է երեք աստիճաններով. բակալավրի աստիճան, մագիտրոսական աստիճան ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական ուսումնական հաստատություններում և հետբուհական: Հետբուհական կրթությունն ունի դասընթացներ՝ նախատեսված մագիտրոսների և դոկտորական աստիճան ունեցողների համար: Հայաստանում բարձրագույն կրթության նպատակն է պատրաստել և վերապատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետների և բավարարել անհատի մասնագիտական զարգացման պահանջները:

Free Web Hosting