Ընդհանուր


Մեր նպատակը

Լինելով ազգային մակարդակում ամենամեծ ուսանողական ներկայացուցչական մարմինը՝ ներկայացնել, զարգացնել և պաշտպանել հայաստանյան ուսանողության կրթական, սոցիալական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հետաքրքրություններն ու իրավունքներն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:

Գործունեություն

Կազմակերպությունը ստեղծված է և գործում է ՀՀ Սահմանադրության, գործող օրենսդրության և իր սեփական կանոնադրության դրույթների հիման վրա` առաջնորդվելով ժողովրդավարության, ներկայացվածության, բացության, թափանցիկություն, անկախության, օրինականության, իրավահավասարության, հրապարակայնության, հաշվետվողականության, անդամների կամավորության, խղճի ազատության և արդարամտության սկզբունքներով:
ՀՈւԱԱ առաջնային խնդիրներն են.
- նպաստել ուսանողների տեսակետների բազմազանության ապահովմանը կրթական համակարգում՝ որպես ամբողջություն
- բարձրացնել ուսանողների ներգրավվածությունը բարձրագույն կրթության գործընթացում՝ որոշումների ընդունման ժամանակ` ապահովելով անկախ, թափանցիկ և ժողովրդավար մասնակցություն
- խթանել ուսանողության սոցիալական, տնտեսական, մշակութային հետաքրքրությունների, ինչպես նաև ուսանողի իրավունքների պաշտպանությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կանդրադառնա հասարակության մեջ ուսանողների կարգավիճակի բարելավմանը և բարեկեցության ապահովմանը
- ապահովել հավասար հնարավորություններ բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց գենդերային և սոցիալական կարգավիճակից, քաղաքական և կրոնական համոզմունքներից ու հայացքներից, էթնիկական, ռասսայական և մշակութային ծագումից, այլ կողմնորոշումներից, ինչպես նաև հաշմանդամության պատճառով առաջ եկող անհավասարությունից
- ապահովել հասարակության բոլոր խավերի և շերտերի համար բարձրագույն կրթությունից օգտվելու հասանելիության գաղափարի քարոզումը
- աջակցել ազգային մակարդակում պետական և ոչ պետական բուհերի, ինչպես նաև արտասահմանյան պետական և ոչ պետական բուհերի ՀՀ մասնաճյուղերի ուսանողական ինքնակառավարման մարմինների կայացմանն ու դրանց զարգացմանը` ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանության և հարակից այլ հարցերում
- նպաստել ՀՀ բոլոր տարածաշրջանների (մարզերի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և սփյուռքահայ ուսանողության և երիտասարդության միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև հայաստանյան և արտերկրի ազգային և լոկալ ուսանողական միությունների և պարզապես ուսանողության միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը
- հրավիրել ուսանողական, երիտասարդական համագումարներ, համաժողովներ, փառատոններ, կազմակերպել գիտաժողովներ, դասախոսություններ, սեմինարներ, բանավեճեր, մրցույթներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ
- նպաստել ուսանողական ուսումնակրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, աշխուժացնել ուսանողության գիտական, մարզական, մշակութային և հասարակական գործունեությունը
- ձեռնարկել միջոցներ հայտնաբերելու և կանխելու ուսանողության նկատմամբ կիրառվող շահարկումները, ոտնձգությունները և անօրինական ցանկացած գործողություն:

Արժեքներ

Ժողովրդավարություն- Կազմակերպության քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի կառուցել բաց, թափանցիկ, ներկայացուցչական և անկախ ուսանողական ինքնակառավարման մարմիններ: Ուսանողական ինքնակառավարման մարմինները պետք է լինեն բուհի ուսանողների շահերի պաշտպան-ներկայացուցիչները: Ուսանողական ինքնակառավարման մարմիններն ուսանողների ներկայացուցիչներն են թե´ բուհում, թե´ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, և թե´ ուսանողական կազմակերպություններում,br> Հավասարություն - Կազմակերպությունը ձգտում է ապահովել հավասար հնարավորություններ բոլորի համար, լիարժեք մասնակցելու հնարավորություն ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին
Ինքնավարություն - Կազմակերպությունը ձգտում է ապահովել ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեության անկախության` ցանկացած կամայական ուժի ազդեցությունից, պետական կառավարման մարմիններից, քաղաքական, կրոնական տարբեր շարժումներից, բուհերի ղեկավարներից. ուսանողական ինքնակառավարման մարմինը պետք է գործի բացառապես ուսանողների ջանքերով և ուսանողների համար
Թափանցիկություն - Կազմակերպության կառուցվածքն ապահովում է ընտրված բոլոր ներկայացուցիչների թափանցիկ աշխատանքն ու հաշվետվողականությունը բոլոր անդամների նկատմամբ, կազմակերպությունը հաշվետու է իր անդամների, ուսանողության և հասարակության առջև: Որոշումների ընդունման գործընթացում թափանցիկությունը գերակա արժեք է
Միասնություն և համագործակցություն - Կազմակերպության համոզմամբ ուսանողները և ուսանողական միություններն առավել արդյունավետ են գործում, եթե տեղական, ազգային և միջազգային մակարդակում գործում են միասնական: Միասնության գաղափարի և համագործակցության մշակույթի ներդրումը և կիրառումը չափազանց կարևոր է թե´ կազմակերպության ներքին, և թե´ արտաքին միջավայրում:

Առաքելություն

Խթանել, տարածել և պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները` ձևավորելով ուսանողների այնպիսի բանակ, որը հստակ կգիտակցի իր իրավունքներն ու պարտականությունները և կկարողանա տեր կանգնել դրանց:

Free Web Hosting